2025 թվականին Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա նշել է, որ ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ պաշտպանական և անվտանգային ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային՝ 47 մլրդ դոլարի։
«2025-ի նախատեսված բյուջեն 17,5 %-ով ավելի է 2024-ի ծախսերից, որի բյուջեն կազմել էր 40 մլրդ դոլար»,- հավելել է թյուրքագետը։
Գեղամյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ նշված գումարից շուրջ 26,8 մլրդ դոլարն ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4,8 մլրդ-ը տրամարդվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։
«Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմսեքի՝ ներկայումս Թուրքիայում իրականացվում է ավելի քան 1000 ռազմաարդյունաբերական նախագիծ, բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա»,- եզրափակել է թյուրքագետը։
Ermenihaber-ը 2021-ին գրել էր, որ 2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 մլրդ դոլար բյուջեով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։