Դեկտեմբերի 29-ին Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը զուգահեռ՝ երկրի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի նախագահի նստավայրը լքելու իր որոշման մասին, հայտնում է Sputnik Georgia-ն։
«Լքում եմ նստավայրը և ինձ հետ տանում լեգիտիմությունը։ Այնտեղ, որտեղ չկա ժողովուրդ, չկա լեգիտիմություն։ Ես դուրս կգամ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա շեշտել է, որ այսօր լրացել է Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին իր վերջնագրի ժամկետը, որը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, մասնավորապես՝ հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։
Նախագահի երդմնակալությանը զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Կավելաշվիլիի դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ։ Ավելի ուշ Sputnik Georgia-ն տեղեկացրել է ակցիայի ավարտի մասին։
Դեկտեմբերի 14-ին Ընտրական կոլեգիան Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի նախագահ։ Ընտրություններն ընթացել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես էին եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կոչով։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Նախագահի ընտրության նախօրյակին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել նախագահական նստավայրը։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։