Դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին օրենք է ստորագրել, որն արգելում է դիմակներ կրել և լազեր օգտագործել բողոքի ակցիաների ժամանակ, տեղեկանում ենք Վրաստանի օրենսդրական տեղեկագրի հարթակից։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համաձայն, որը Վրաստանի խորհրդարանը հաստատել էր դեկտեմբերի 13-ին, արգելվում է «դեմքը դիմակով կամ այլ միջոցներով ծածկել»։
Արգելված իրերի ցանկում ներառված են նաև պիրոտեխնիկան և լազերները, որոնք ցուցարարները հաճախ պայթեցնում են ոստիկանների և տեսախցիկների առջև։ Պաշտոնական հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ է մտել։
«Օրենսդրական տեղեկագիր» պորտալում հրապարակվել է ավելի քան 10 այլ օրենք, որոնք արագացված կարգով ընդունվել են Վրաստանի նոր գումարման խորհրդարանի կողմից հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Դրանց թվում են «Պետական պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախագահին զրկում են պետական պաշտպանությունից իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ նա այս պաշտոնում խախտել է Սահմանադրությունը։
Դեկտեմբերի 14-ին Ընտրական կոլեգիան Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի նախագահ։ Ընտրություններն ընթացել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես էին եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կոչով։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, և օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Նախագահի ընտրության նախօրյակին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել նախագահական նստավայրը։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։