Հայտնի հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նա մասնավորապես գրել է․
«Մեծարգո պարոն Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն, Դոնալդ Թրամփ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե՛ր, քանի որ աշխարհը դարձել է Արցախի աննախադեպ ու ողբերգական պատերազմի ականատեսը, թույլ տվեք արտահայտել իմ խորին անհանգստությունը և ասել․
Իմ երկիրն իրական վտանգի մեջ է։
Արդեն երկու շաբաթ շարունակվում են թեժ մարտերը։ Իմ հարազատ Արցախն ու Հայաստանը պաշտպանվում են ագրեսորի հարձակումներից։
Մենք պաշտպանում ենք գոյության մեր իրավունքը, ապրելու հնարավորությունը մեր պատմական հողի վրա՝ քրիստոնեության ժառանգության կրողները լինելով։
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են Ստեփանակերտի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խիտ բնակեցված շրջանները։
Հրթիռային զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ և բերում բազմաթիվ զոհերի ու վիրավորների։ Արդյունքում դառնում ենք բազմաթիվ խեղված ճակատագրերի ականատեսը։ Սա ռազմական հանցագործություն է։
Ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ տեղի ունեցողը վերածվել է հումանիտար աղետի։ Ավելին՝ դրան անմիջական մասնակցություն են ունենում արտաքին ուժերը։
Արտասահմանյան զինյալ ահաբեկիչները մոտեցել են Ռուսաստանի ու Եվրախորհրդի սահմաններին, ինչը անվտանգության սպառնալիք է նրանց համար։
Հայաստանն ու Արցախը միայնակ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ։
Երկիրը հզորացնելու փոխարեն մեր երիտասարդները զոհվում են առաջնագծում։
Հորդորում եմ օգտագործել ձեր բոլոր հնարավորությունները՝ դադարեցնելու այս մարդկային ողբերգությունը, վերադարձնելու կողմերին բանակցային սեղանի շուրջ։
Հարգանքով՝ Հենրիխ Մխիթարյան»։