2020թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1235 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուսներ Երեւանից ուղեւորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:
Փախստականների վերադարձի անվտանգությունը կազմակերպվել է մարդասիրական միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության վերահսկողության ներքո:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանձնարարությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում Ռուսաստանի ՊՆ-ն Ստեփանակերտում ձեռնամուխ է եղել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձեւավորմանը: