Հիմնավորապես իշխանության սխալականության հետևանքով մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ․
1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը, և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:
2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից- շատից» ինքնուրույն խաղացող պետություն:
3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ, այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:
4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:
5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:
6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:
7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:
8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ:
Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ՝ դեռ շանս կա: Սակայն, գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։ Այս հայտարարությունն արժանացել է Հայաստանի ու Արցախի ժողովրդի բուռն արձագանքին։ Հանրությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։