Ավելի քան 2 հազար արցախցիներ անցած օրվա ընթացքում կարողացել են Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, հաղորդում է ТАСС-ը ՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից տուն է վերադարձել ավելի քան 21 հազար մարդ։
«Մեկ օրում ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2.115 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14 – ից նախկին բնակության վայրեր են վերադարձել արդեն 21․083 փախստականներ», – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ասկերանի շրջանի Լուսաձորի ֆելդշերական կետի բազայի վրա ռուսաստանցի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել 65 տեղացի բնակիչների։
ՊՆ-ում հավելել են, որ խաղաղապահների օգնությամբ Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում վերսկսվել է ուսումնական գործընթացը, 400-ից ավելի աշակերտներ վերադարձել են պարապմունքների: Եվս մեկ դպրոց պատրաստվում են բացել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: