Արցախի ՊԲ-ից հերքել են տեղեկությունները, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ-ից հորդորում են հայրենական լրատվամիջոցներին՝ չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա:
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Մինչ այժմ Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։