Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինի՝ Արցախում մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցին:
«Համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասում և Լաչինի միջանցքում:
Դրա խնդիրները և գործառույթները որոշվում են ՌԴ ՊՆ-ի կողմից՝ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում կրոնական, պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությանը, դրա համար Բաքուն պատասխանատու է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում։
Հայ գործընկերների խնդրանքով հին քրիստոնեական եկեղեցու՝ Դադիվանքի տարածքում ստեղծվել է ռուս խաղաղապահների հենակետ:
Ապագայում, համաձայն մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. Կոնվենցիայի, հուշարձանների պահպանության աշխատանքներին կարող են միանալ նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունների մասնագետներ:
Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՄԱԿ-ի միջգերատեսչական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանձին փորձագիտական առաքելությունների կողմից աշխատանքների իրականացմանը, որը պետք է ունենա զուտ տեխնիկական և ապաքաղաքական բնույթ։ Առաքելությունների ներկայացուցիչները պետք է կազմեն մշակութային վայրերի ցանկը` որոշելով դրանց պահպանման հարցը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն կերպ տորպեդահարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը տարածաշրջան: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 14-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են: