ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի միջազգային հարաբերությկունների հարցերի կոմիտեում իր թեկնածության հաստատման լսումներից հետո ներկայացված հարցերի գրավոր պատասխաններում աջակցել է ԱՄՆ ֆինանսական օժանդակությանը Հայաստանի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի կարիքների բավարարման համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ողջունում ենք Բլինքենի նվիրվածությունը ԱՄՆ նորացված ղեկավարությանը, որն աջակցում է անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքներին եւ Արցախի պաշտպանությանը,- հայտարարել է ANCA-ի հիմնադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ամիսներ շարունակ ԱՄՆ անխոհեմ անտարբերությունից եւ Ադրբեջանի անողոք ագրեսիայից հետո, մենք ակնկալում ենք Բայդեն-Հարիսի վարչակազմի կառուցողական եւ պատասխանատու ներգրավում ամերիկահայերի եւ մեր կոալիցիոն բազմաթիվ գործընկերների հատուկ մտահոգությունը հարուցող հարցերի ամբողջ սպեկտրում»:
Այդպիսի 4 պատասխաններում Բլինքենը աջակցություն է հայտնել «Հայաստանին անվտանգության ոլորտում եւ ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման համար օգնության տրամադրմանը, ինչը երկու դեպքում էլ կնպաստի Հայաստանի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը», ասել է նա՝ նշելով, որ «եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժնի համաձայն կասեցնել պահանջներից ազատելը»:
Նա իր երեք պատասխաններում շեշտել է «Կոնգրեսի եւ պաշտպանության նախարարի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության ոլորտում կարիքների բավարարման համար օգնության համապատասխան մակարդակի որոշման շուրջ»: