ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկը, Կալիֆոռնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիըրն անդրադարձել է Բայդենի վարչակազմի վերականգնման կարևորությանը ԵԱՀԿ Մինսկի խմբում` Արցախյան հարցի կայուն կարգավորման համար, որի շնորհիվ Արցախում կվերակառուցվեն համայնքները, կպաշտպանվի ինքնորոշման իրավունքը և կկանխվեն հետագա բռնությունները:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
«Ես հպարտ եմ, որ միանում եմ հայկական համայնքին և իմ ավելի քան 100 գործընկերներին, որոնք Բայդենի վարչակազմին հորդորում են առաջնահերթ համարել տնտեսական աջակցությունը Հայաստանին և հայ ռազմագերիների ազատումը:
Ես հուսադրված եմ նախագահ Բայդենի և քարտուղար Բլինկենի նախկինում արված հայտարարություններից՝ ուղղված Արցախում կայուն խաղաղության հաստատմանը:
ԱՄՆ-ն պետք է արագ գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահների հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է Սփիըրը: