Ռուսաստանն ակնկալում է, որ Ղարաբաղի՝ Բաքվի կողմից վերահսկվող տարածքում գտնվող հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները հաստատելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
Այս մասին ուրբաթ օրվա ճեպազրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Քարին Տակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի պղծման, ինչպես նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Թևոսյանի հուշարձանի ապամոնտաժման և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի ոչնչացման դեպքերը մեկնաբանելու խնդրանքին:
«Մենք բացարձակապես անընդունելի ու անբարո ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակն անարգելու ցանկացած ձև:
Տեղեկատվությունը ստուգվում է, և մենք ակնկալում ենք, որ այն հաստատելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները՝ իրավիճակը շտկելու համար», – ասաց Զախարովան: