Մենք պետք է իրավական հակակշիռ ստեղծենք և Ալիևին պատասխանենք իր ոճով։ Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մինչև հիմա Ալիևի հրահանգով Հայաստանի մոտավորապես 300 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը: Մենք չգիտենք՝ ովքե՞ր են այդ 300 հոգին, ու ըստ այդմ մարդիկ կարող են անակնկալ հայտնվել ծուղակում։ Մենք գլխավոր դատախազության կողմից որևէ քայլ չենք տեսել Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություն»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, թեպետ Ադրբեջանի կողմից բազմաթիվ հանցանքներ են կատարվել, բայց մենք որևէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում, ընդամենը մեկ հոգու հետախուզում ունենք։
«Հատկապես այդ «պուրակի» դեպքից հետո մեր ձեռքերն ազատ են հետախուզելու և դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատ տեղաշարժի իրավունքից օգտվել և հասկանան, որ նրանց քայլերն իրենց կյանքի համար ունենում են բացասական հետևանքներ: Բայց դրա փոխարեն մենք անընդհատ խոսում ենք առևտրի, հարևանություն անելու մասին։ Ի պատասխան՝ նրանք քարերով հարվածում են մեր մեքենաներին, ռուս խաղապահներին շրջանցելով՝ գալիս են ու անարգում, պղծում են մեր հուշարձանները։ Եվ ստացվում է, որ մենք միայն պաշտպանվողի դերում ենք: Ես չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք այսքան խեղճացել»,- ասաց նա: