Մայիսի 2-ին ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Դիլիջանում մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկումներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
Կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել հետպատերազմյան Արցախի առջև ծառացած խնդիրները ՝ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է Օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված և շարունակական բնույթ կրող աշխատանքները՝ հետագա ընթացքը հասկանալու և նախատեսվող անելիքներում առաջնահերթություններն առանձնացնելու համար։
Ձևավորման օրվանից շտաբը բացառապես զբաղվում է ՀՀ տեղափոխված՝ ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգմամբ և ըստ այդմ, ծրագրերի մշակմամբ՝ համագործակցելով ՀՀ համապատասխան մարմինների հետ։ Օպերատիվ շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, չնայած, գործող սոցիալական ծրագրերից։
«Այժմ ժամանակն է ավելի հասցեական ծրագրերի՝ բնակարանաշինության, կենցաղային պայմանների բարելավման, ժամանակավոր և մշտական աշխատատեղերի ստեղծման, համապատասխան ենթակառուցվածքների և ընդհանրապես, կյանքի բոլոր ոլորտներին և մարդուն առնչվող ենթածրագրերի իրականացմանը՝ արցախցիներին նորից կապելու հող հայրենիին և հատկապես Արցախ վերադարձնելու ճանապարհին: Այսօր գոնե պիտի համախմբվենք՝ միասնական հաղթահարելու պարտադրված մարտահրավերները, քաղաքական ամբիցիաներից վեր դասելով մեր ծվատված Հայրենիքի պահպանման առաքելությունը, մեր իսկ առջև ծառացած սոցիալական և այլ բազմաբնույթ խնդիրների համար գտնելով միասնական լուծման տարբերակներ: Այլ օրակարգ չունենք. համախմբված և միասնական պիտի կառուցենք տունդարձի ճանապարհը»,-իր խոսքում նշել է Միքայել Վիրաբյանը: