Կառավարություն այսօր ընդունեց որոշում՝ ըստ որի՝ նախատեսվում է Արցախի Հանրապետությանը ևս 8,8 մլրդ դրամ հատկացնել։
Ներկայացվող նախագծի նպատակը Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։
«Այս նախագծով առաջարկվում է շուրջ 8,8 մլրդ դրամ հատկացնել, որից 1,2 մլրդը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի ԱՀ-ին»,-ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ ներկայացված նախագծով լրացուցիչ միջպետական վարկի տրամադրում է նախատեսվում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Արցախին ՀՀ կառավարության աջակցության փաթեթն արդեն 83 մլրդ դրամ է, որի 52 մլրդ դրամն այս պահի դրությամբ ծախսվել է։