ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Պետք է արժանին մատուցել թե՛ Ադրբեջանի նախագահին, թե՛ Հայաստանի վարչապետին։ «Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ, չնայած տեղի ունեցող իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանց հաջողվել է բարձրանալ այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից և շատ պատասխանատու որոշում կայացնել», – ասել Է Պուտինը «Валдай» միջազգային ակումբի նիստի ընթացքում՝ ընդգծելով, որ երկու երկրների առաջնորդներին հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը:
Նա ընդգծել է, որ պետք է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ ստեղծել։ «Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունեն որպես երկարաժամկետ և երկու կողմից էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Իսկ դրանում բոլորը շահագրգռված են», – նշել է նա։
Պուտինի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի նորմալ իրականացվի Նախիջևանի հետ կապը, ինչպես նաեւ հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի առջև ծառացած առաջին խնդիրներից մեկն է:
«Արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն հաստատել տարածաշրջանում, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանի հետ ապագայի համար։ Ըստ էության, Հայաստանը դրանում շահագրգռված է։ Ապասառեցնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, ժամանակակից բնույթ հաղորդել նրանց», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ և՛ մեկ, և՛ մյուս դեպքում դա պետք է հանգեցնի գլխավոր նպատակին՝ երկու պետությունների անվտանգ գոյակցության ստեղծմանը և տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Պուտինը նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները հակամարտության գոտում արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը:
«Ընդհանուր առմամբ հաջողվում է պահպանել իրավիճակը հակամարտության գոտում այն տեսքով, որում այն կա, չկան խոշոր ռազմական գործողություններ։ Այո, ցավոք, միջադեպեր են լինում, այո, ցավոք, նույնիսկ մարդիկ երբեմն զոհվում են։ Բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել իդեալիստական պատկեր այսքան տարիների դիմակայությունից հետո», – ասել է նա ։