Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները, ինչպես նաև պատասխանել այդ կապակցությամբ արցախյան կողմի հնարավոր քայլերի մասին հարցին:
«Գործողություններ ենք ձեռնարկում, բնականաբար, բայց Ադրբեջանը շարունակելու է նման քաղաքականությունը, դա ակնհայտ է։ Բաց նրանք չեն կարողանա վախեցնել մեզ. դա պետք է պարզ լինի բոլորի համար», – ընդգծել է նա։
Բաբայանը նաև պատասխանել է նման միջադեպերի առնչությամբ ՌԴ խաղաղապահների հետ արցախյան կողմի փոխգործակցության մասին հարցին: Նախարարի խոսքով՝ խաղաղապահները, բնականաբար, անմիջապես տեղեկացվում են այդ միջադեպերի մասին, իրենք են արձանագրում այդ ամենը։ Միևնույն ժամանակ Բաբայանն ընդգծել է, որ խաղաղապահներն այնտեղ են, որպեսզի աջակցեն խաղաղությանը, այլ ոչ թե ճնշեն նման գործողությունները:
«Մենք դա պետք է հասկանանք։ Եվ շատ ուժեր, որոնք փորձում են խարխլել ռուս-հայկական եղբայրությունը, փորձում են անընդհատ շահարկել դա՝ հարցեր տալով, թե ինչու խաղաղապահները չեն կրակում, ինչու չեն հարձակվում։ Սա նաև Ադրբեջանի նպատակներից մեկն է, որպեսզի ահա այսպես սասանենք մեզ, որովհետև այդ սադրանքներն ուղղված են ոչ միայն արցախահայությանը վախեցնելու, այլ նաև հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլելուն», – հայտարարել է նախարարը։