Արցախում անհանգստությամբ են հետևում Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: Այս մասին իր Тelegram-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչության տարհանումը, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից 2020թ.-ին սանձազերժված հումանիտար կատաստրոֆան։
Նա հույս է հայտնել, որ առողջ դատողությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը:
Բեգլարյանի խոսքով՝ հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
«Չնայած այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման», – հայտարարել է նա:
Դոնբասում իրավիճակը սրվել է վերջին մի քանի օրերին։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է դեպի ՌԴ Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Շաբաթ առավոտյան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: