Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում հայկական կողմը զոհեր և տուժածներ չունի։
Այս մասին Armenia Today-ին փոխանցեցին Ասկերանի վարչական շրջանի քարտուղարությունից՝ այլ տեղեկություններ չհայտնելով։
Ասկերանի վարչական շրջանի քարտուղարությունից նշեցին միայն, որ անվտանգային բոլոր միջոցառումները նախաձեռնվում են և հորդորեցին հետևել միայն պաշտոնական հայտարարություններին։
Նշենք, որ Արցախի տեղեկտվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը թիրախավորել է Փառուխ, Խրամորթ և Խնապատ գյուղերը՝ ականանետեր կիրառելով այս բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի գործողությունների հետևանքով Խրամորթ համայնքի բնակիչը վիրավորում էր ստացել։ Նրանք չեն կարողանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։