Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։ Գազամատակարարումը կենսական նշանակություն ունի խաղաղ բնակչության համար, հատկապես` ցրտաշունչ եղանակային պայմաններում։ Այս մասին «Արցախպրեսի»` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։
«ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմն ունի երկու զոհ, յոթ վիրավոր։