Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անկախ պետությունների համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ: ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:
«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով՝ տեղին և ճիշտ կլիներ, և դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը: Ելույթներով հանդես են եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մոսկովյան գագաթնաժողովը նվիրված է կազմակերպության 30-ամյակին։