Զինյալները, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, կարող էին տեղափոխվել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից կռվել են Սիրիայից և Լիբիայից բերված հինգից յոթ հազար գրոհայիններ, և նրանց մի մասը հակամարտության ավարտից հետո կարող էր մնալ տարածաշրջանում՝ սպասելով նոր «թեժ կետ» տեղափոխվելուն:
«Մեծ հավանականություն կա, որ այդ ահաբեկչական խմբավորումներն այսօր Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ։ Նրանք այդտեղ են գնացել փողով կռվելու»,- ասել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ տարածաշրջանում ներկա ահաբեկչական խմբավորումները Սիրիայում նույնպես կռվել են ռուսական զորքերի դեմ: Ղարաբաղի համար արմատականներին հավաքագրելիս հակառուսական կարգախոսներ են օգտագործել, ընդգծել է նա։
Բեգլարյանը նաև կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է ավելացնել, իսկ նրանց լիազորությունները՝ ընդլայնել։
«Մենք կարծում ենք, որ ռուսական զորակազմի թվաքանակը պետք է ավելացնել, ինչպես նաև ընդլայնել նրա լիազորությունները»,- ասել է նա:
Այս կարծիքը Արտակ Բեգլարյանը հիմնավորել է նրանով, որ ղարաբաղյան պատերազմից հետո կողմերի շփման գիծն ավելացել է մոտ 2,5 անգամ։