Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը:
Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:
Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։
Նշենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։