Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում նկատվում է պատերազմի մասնակից վետերանների ինքնասպանության դեպքերի աճ, զինվորականները սոցիալական խնդիրներով պայմանավորված պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց, որ թեև Ադրբեջանի զինվորականների՝ տասնյակին մոտ ինքնասպանության դեպքեր կան, սակայն սոցիալական հուզումների տեսանկյունից դա կառավարելի է այդ երկրի ղեկավարության կողմից:
Նա կարծում է, որ այս պահին դա այնպիսի մասշտաբային խնդիր չէ, որպեսզի հանգեցնի ներքաղաքական ցնցումների: «Հիմնական բողոքն այն է, որ պատերազմից հետո նրանց հատկացված ֆինանսական միջոցները չեն բավականացնում։ Նրանք նշել են, որ հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են։ Մյուս կողմից դրան գումարվում է պատերազմի ընթացքում ձեռք բերած հոգեբանական խնդիրները», – նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ խնդիրները կարող էին ձեռք բերվել այդ զինծառայողների՝ ՊԲ զինծառայողների դեմ տարբեր ռազմական հանցագործությունների մեջ ներգրավման հետևանքով։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ ամեն դեպքում այս խնդիրներն ուռճացնել չի կարելի։ «Բարդ է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Եթե խնդիրների մասշտաբները մեծանան, դրանք կաճեն նաև հասարակության ներսում, բայց այս պահին որևէ լուրջ գնահատական տալ չենք կարող», – նշեց նա։
Ադրբեջանագետը նկատեց, որ կան գնահատականներ, որ Ադրբեջանում պատերազմի՝ իրենց հաղթանակի էյֆորիան անկում է ապրում, ինչը տրամաբանական է, և դրա ֆոնին էլ են աճում սոցիալական բողոքի ալիքները: «Էյֆորիան արդեն այն նույն մակարդակի վրա չէ և խնդիրներն ի հայտ են գալիս»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մասով ևս չի կարելի այս պահին խոսել այդ երկրում անկառավարելի վիճակի մասին։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի միջև վերջին հանդիպումներին։ Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի հետ փորձագիտական մակարդակով շփման երկու հարթակ կա՝ եվրոպական կազմակերպությունների կողմից կազմակերպվող հանդիպումները, որոնք կայացել են Վրաստանում և եվրոպական երկրներում, մյուսը՝ ՌԴ-ի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումները։
«ՌԴ-ի կողմից կազմակերպվող հանդիպումները պաշտոնական մակարդակի են։ Դրանք ՌԴ ԱԳՆ МГИМО -ի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ են իրականացվել։ ՀՀ-ի և Ադրբեջանի խմբերի կազմակերպիչները ևս պետական մարմիններն են՝ իրենցը՝ Նախագահի աշխատակազմը, իսկ մեր կողմից՝ Վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ-ն։ Սրանք վերլուծական կենտրոնների մակարդակով անցկացվող հանդիպումներ են, ներառված են նաև անկախ փորձագետներ», – տեղեկացրեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ բարդ է ասել, թե ինչ առաջանթաց կլինի այդ հանդիպումների արդյունքում, քանի որ դա բազմաթիվ հանգամանքներից է կախված։ «Այստեղ կան այլ տեսակի խնդիրներ, օրինակ, ադրբեջանական պատվիրակության կողմից հայկական պատվիրակության անդամների վերաբերյալ ներկայացրած դիտարկումները՝ անցանկալի անձ հայտարարելու հետ կապված։ Եթե Ադրբեջանը հետ կանգնի իր այդ ապակառուցողական դիրքորոշումներից, ապա այդ դեպքում հանդիպումները կշարունակվեն», – նշեց ադրբեջանագետը։
Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմի մոտ փորձագիտական մակարդակում էլ գերակշռում են պետական մոտեցումները։ «Կան փորձագետներ, որ դրանից փորձում են մի փոքր դուրս գալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ գերակշռում են նույն ապակառուցողական դիրքորոշումները, երբեմն անգամ հնչում են իրենց իշխանությունների մոտեցումներից ավելի ռադիկալ տեսակետներ», – նշեց նա։
Մեկնաբանելով «Խաղաղության օրակարգի» վերաբերյալ հնչեցվող տեսակետները՝ Հովհաննիսյանը նշեց. «Իրենք առերևույթ հայտարարում են, որ խաղաղություն են ուզում, բայց իրենց պատկերացրած խաղաղությունն այլ է. փորձում են դոմինանտ պետություն լինել տարածաշրջանում», – նշեց ադրբեջանագետը։ Նրա փոխանցմամբ՝ այնպես չէ, որ հայ փորձագետները հանդիպումների ընթացքում խոսում են բացառապես «Խաղաղության օրակարգի» մասին։ «Բարձրացվում են մեզ հուզող խնդիրները՝ ռազմագերիների, Ադրբեջանի ագրեսիաների հետ կապված և այլն» – եզրափակեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ հուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ МГИМО-ի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը:
Հունիսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։ Հանդիպման մասնակիցները քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առնչվող հարցերը և փոխվստահության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։