Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։
«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության»,-նշել է Ռուբեն Վարդանյանը և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նպաստ Արցախի։
Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝ միտված Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։
«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա»,-իր խոսքն այսպես է ընդհանրացրել բարերար Վարդանյանը։
Armenia Today-ը սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ Նա նաև առաջարկել է ստեղծել Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման համահայկական ճակատ, որը կկարողանա միանալ ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են և կարող են օգնել տարածաշրջանի զարգացմանը։