Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ վերջին օրերին երկու անգամ հանդիպել է Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա` Արցախ տեղափոխվելու վերաբերյալ որոշումը:
«Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը:
Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում:
Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը»,-գրել է արցախցի պաշտոնյան։
Նշենք, որ սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։