Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով 2020թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների իրականացման համար ԱՄՆ-ն հատկացրել է 2 մլն դոլար։
Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը, հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակչության անվտանգ վերադարձին:
«Հիմք ընդունելով 2021թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ Միացյալ նահանգների նոր ֆինանսավորումը շարունակելու է խթանել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները հասարակ սպառազինությունների ոչնչացման խոշորագույն ֆինանսական աջակիցն է աշխարհում, որը 1993 թվականից ի վեր ավելի քան 4,7 միլիարդ դոլարի ներդրում է արել 100-ից ավելի երկրում՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար։