Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնին երրորդ անգամ մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում իր ելույթը հղելու համաշխարհային հանրությանը։ Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ից մեկնարկած հերթական էսկալացիայից զատ անդրադարձավ նաև ԼՂ հակամարտությանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի այս ամբիոնից ՀՀ տարբեր ժամանակների առաջնորդների ելույթների հիմանաքարային մասը եղել է հենց ԼՂ հակամարտությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման ներդրվող ձևաչափերի արձանագրումից մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հայության իրենց հայրենիքում ֆիզիկական գոյության ապահովման և այլ հումանիտար խնդիրների լուծման բարձրաձայնումը։ Armenia Today-ը ներկայացնում է «ազգերի ընտանիքում» ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախկին առաջնորդների և Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները, հակամարտության լուծման տեսլականները։
Լևոն Տեր-Պետրոսյան. ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցի ծագումը
1992թ.-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գլխավոր ամբիոնից ունեցած իր պատմական ելույթով առաջին ձևակերպումներն է ներկայացրել ԼՂՀ հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի և անկախության ամրապնդման համար մղվող պայքարի վերաբերյալ։ «Չունենալով ոչ մի հողային պահանջ Ադրբեջանից՝ Հայաստանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի կարելի վերածել էթնիկական փոքրամասնության, որ չի կարելի զլանալ ինքնորոշման իրավունքը, չի կարելի թույլատրել, որ հողային ամբողջականության սկզբունքի քողի տակ տեղահանվի կամ ոչնչացվի այդ ժողովուրդը», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
Չնայած այդ ժամանակ աշխարհում և ՀՀ-ում առկա անորոշ հեռանկարներին, որը որոշակիորեն ազդում էր Առաջին նախագահի ինքնավստահության վրա, այդուհանդերձ, վերջինիս քաղաքական քաջությունը բավարարեց հայտարարելու, որ Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերելու տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։
ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո ՄԱԿ-ի ԳԱ-ի 1994թ.-ի համաժողովում ունեցած իր ելույթում Տեր-Պետրոսյանը կարևորեց Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագրի կնքումը և խաղաղության ամրապնդման անհրաժեշտությունը։ Ձևակերպվեցին հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հիմնապայմանները. «Հայաստանի հիմնական մտահոգության առարկան միշտ էլ եղել է Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության հարցը։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են հետևելու Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին»։ Այս ելույթում հետաքրքրական էր այն, որ Տեր-Պետրոսյանը խաղաղության ամրապնդման գործընթացը տեսնում էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգության միջազգային ուժերի տեղակայմամբ՝ մինչև բանակցությունների միջոցով հիմնահարցի լուծումը՝ ԵԱՀԽ Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությամբ։
Ռոբերտ Քոչարյան. Ընդհանուր պետությունից մինչև Մադրիդյան սկզբունքներ՝ ԼՂ հակամարտության «փաստաթղթավորման» փուլը
ՄԱԿ-ի ԳԱ-ում իր առաջին և միակ ելույթը Ռոբերտ Քոչարյանն ունեցավ 1998թ. ՄԱԿ-ի ԳԱ-ի 53-րդ նստաշրջանում։ Նա մտահոգություններ հայտնեց Ադրբեջանի կողմից սկիզբ դրած տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման և ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդ կողմերի առաջարկների մերժման կապակցությամբ։ Առաջին անգամ շեշտվեց Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու հանգամանքը։ «Մեր կարծիքով, հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի անկլավայնության բացառումը և նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը»,-հայտարարել է Քոչարյանը։
Հետագայում Ռոբերտ Քոչարյանն այլևս ելույթ չունեցավ ՄԱԿ-ի այդ բարձր ամբիոնից, փոխարենն այդ առաքելությունը հանձնառեց վերջինիս տասնամյա կառավարման արտաքին քաղաքականության հիմնական ճարտարապետը՝ Վարդան Օսկանյանը։ Նրա ելույթներում դատապարվում էին Ադրբեջանի տարեցտարի սաստկացող հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը։ Վերջինս ապակառուցողական դիրքերից էր հանդես գալիս նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած առաջարկի նկատմամբ, որոնցից այդ շրջանի համար հիշարժան էին 1998թ.-ի Ընդհանուր պետության և 2001-ի Քիվեսթյան փաստաթղթերը: 2007-ի իր վերջին ելույթում Օսկանյանը նշել է. «Բավականին մշակված փաստաթուղթ ունենք սեղանին, որը ոչ թե երազային մտածողության վրա է հիմնված, այլ հիմնարար խնդիրների և նրանց հետևանքների վրա»։ Խոսքն այստեղ, ըստ էության, բանակցային սեղանին ներկայացվող «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթի մասին է, որը ստորագրվեց 2007-ի նոյեմբերին։
Սերժ Սարգսյան. ԼՂ հակամարտության ռազմական ապասառեցման սկիզբը
ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթների առյուծի բաժինը մշտապես հատկացվել է Արցախի խնդրին, քանզի այս տասնամյակը նախորդից առանձնանում էր նախևառաջ հայ-ադրբեջանական և ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում բացահայտ առճատման առումով։ Նախագահը մի քանի անգամ դիմեց միջազգային հանրությանը զսպելու Ադրբեջանի ղեկավարության կողմից սանձազերված այս պերմանենտ լարվածությունը։ Այսպես, Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»: Հայկական կողմի այս դիրքորոշումը կարող ենք ձևակերպել որպես «փափուկ ուժի» առաջարկ՝ չբացառելով «կոշտ ուժի» կիրառումը։
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ամբիոնից ԼՂ-ի մասին խոսելով՝ նախագահ Սարգսյանն իր ելույթներում ընդգծել է «ազատ Արցախ» բառակապակցությունը՝ այդ եզրույթով ցանկանալով նշել, որ Արցախի ազատությանը, անկախությանն այլընտրանք չկա. դա է որոշել Ղարաբաղի ժողովուրդը։ Ընդգծվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք համաձայնագրերի և պայմանավորվածությունների կարևորությունը՝ ինչպիսիք էին Մայնդորֆյան, Կազանյան փաստաթղթերը և 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»,-այսպես է իր վերջին ելույթում իր դիրքորոշումը կարծրացրել Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյան. ԼՂ-ին բանակցությունների սեղանին վերադարձից մինչև արցախցիների ֆիզիկական գոյության ապահովման խնդիր
ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները կապված Արցախյան հարցում և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային ուժային հավասարակշռության խախտման հետ հետ փոխվել են։ Իլհամ Ալիևի վարչակազմի համար թիրախային էր վարչապետի անդրանիկ ելույթի՝ Նախիջևանի պատմության վերաբերյալ հատվածը, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախում, եթե Ադրբեջանն ունենա հնարավորություն այնտեղ իշխելու, ինչպես նաև առաջ բերվեց այստեղ ևս ցեղասպանության շարունակականության վերաբերյալ թեզը: Դրան բավականին ցավոտ և ագրեսիվ ձևով արձագանքեցին Ադրբեջանում` ԱԳՆ-ի և այլ պետպաշտոնյաների մակարդակով: ԼՂՀ-ի մասով վարչապետի ելույթի կենտրոնական հարցն այն էր, որ այն պետք է հանդիսանա բանակցային կողմ։ «Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ»,-հայտարարել է Փաշինյանը։
ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց մինչ այդ տարբեր հարթակներում հնչեցված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսակետը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային պահանջների մասին վեճ չէ և հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս վերջին գաղափարը հակամարտության խնդրի լուծման հարցում նոր մատեցում էր։ Այս անգամ ևս վարչապետի հայտարարությունները հարուցեցին ադրբեջանական պաշտոնական շրջանակների դժգոհությունը։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հակադարձելով Հայաստանի վարչապետի պնդումներին, նշել էր. «Հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ըստ էության, այս հարցում պետք է ընդգծել, որ երեք նախկին նախագահները խոսում էին երկու երկրների էլիտայի մակարդակով, իսկ վարչապետ Փաշինյանը խոսքնը սկսեց ուղղել Ադրբեջանի ժողովրդին։
2020-ի Տավուշյան ռազմական էսկալացիան այլևս ի ցույց դրեց, որ Ադրբեջանը գնում է 90-ականներից ի վեր ամենալուրջ ռազմական բախմանը։ Սա արտացոլվեց նաև Փաշինյանի սեպտեմբերյան ելույթում։ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս դառնան։ Այս անգամ նա իր այդ պնդումը հիմանավորում էր 2020-ի ապրիլին Արցախում կայացած ընտրություններով, որոնք, ըստ նրա, ամենալեգիտիմն էին մինչ այդ եղածների մեջ։
Վարչապետի այս ելույթից երկու օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը, որը 1994-ից ի վեր ամենաշրջադաձայինը դարձավ հակամարտության պատմության մեջ։ Խարխլվեց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների ընթացքը, առանցքային դարձան ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ.-ի Նոյեմբերի 9-ի, 2021 -ի հունվարի 11-ի հայտարարությունները։ 2020-ից փոխվեց նաև ադրբեջանական հռետորաբանությունը։ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «այլևս մեռած ձևաչափ է», իսկ ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի ներքին խնդիրն է։
2021-ի իր ելույթում Փաշինյանն արդեն փորձում է վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը»,-հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանի վերջին ելույթում ԼՂ հակամարտությունը երկրորդվեց ՀՀ-ի սահմաններում սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված։ Հակամարտության հետպատերազմյա հատվածում հիշարժան էր 2022-ի ապրիլին ԱԺ-ում Փաշինյանի ելույթը, որտեղ նա խոսեց «ԼՂ-ի հարցում նշաձողի իջեցման» մասին։ ՄԱԿ-ի իր այս վերջին ելույթում նա հիմնականում անդրադարձավ հումանիտար խնդիրներին և արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմանը։ «Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,-հայտարարեց նա։ Հատկանշական էր նաև այն, որ Փաշինյանն իր ելույթում օգտագործում է «ԼՂ-ում բնակվող հայեր» արտահայտությունը։
Ամփոփում
ՄԱԿ-ում իր առաջին ելույթից սկսած Առաջին նախագահը պնդում էր ԼՂ հայության՝ իր հայրենիքում անվտանգ ապրելու և ինքնոշման իրավունքի հարցը։ Նա, թեև, չէր կոնկրետացնում, թե ինչ վերջնական կարգավիճակ պետք է ունենա Արցախը, սակայն պնդում էր միջազգային ուժերի տեղակայման անհրաժեշտությունը՝ որպես շփման գծում հրադադարի ապահովման երաշխիք։ Ռոբերտ Քոչարյանի շրջանում մտահոգություններ հայտնվեցին տարածաշրջանային ռազմական բալանսի աճող ասիմետրիայի, Ադրբեջանի կողմից հակամարտության լուծման ցանկացած տարբերակի մերժման կապակացությամբ։ Քոչարյանը պնդում էր Արցախի անկլավայնության բացառման և միջազգային ուժերի տեղակայման վրա։ Երրորդ նախագահը վերը նշվածից զատ հանդես էր գալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու դիրքերից։ Ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան Նիկոլ Փաշինյանի ելույթների վրա։ Այսպես, եթե 2018-2020-ին Փաշինյանը հանդես էր գալիս Արցախյան կողմի սուբյեկտայնության բարձրացման տեսանկյունից, ապա 2022-ին միջազգային հանրությունից որպես առավելագույնը խնդրում էր ապահովել Արցախում ապրող հայության ֆիզիկական անվտանգությունը։
Հիշեցնենք, որ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի կենտրոնական մարմինն է, որն ունի խորհրդակցական, որոշումներ կայացնող և ներկայացուցչական դեր։ Այն միավորում է ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրներին՝ միջազգային տարաբնույթ հարցերի բազմակողմանի քննարկման համար։ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Անկախացումից ի վեր ՀՀ-ն պետական ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԳԱ-ի նիստերին՝ իր նպաստը բերելով միջազգային հանրության համար էական նշանակություն ունեցող ընթացիկ հարցերի քննարկմանը։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր առաջնորդի ելույթը դառնում է տվյալ երկրով հետաքրքրված պետությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ուղեղային կենտրոնների (think tank) ուսումնասիրությունների ու վերլուծությունների թեմա, որոնց հիման վրա արվում են հետևություններ և գծվում ուղենիշեր` տվյալ երկրի նկատմամբ վարվելիք քաղաքականության համար։