Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա, մասնավորապես, նշել է․ «Այսօր կրկին հաղորդագրություն է ստացվել հայկական կողմից երեք սպանված զինվորների և ադրբեջանական կողմից մեկ վիրավորի մասին։ Այս և մյուս զոհերի իրողությունն ատելություն ու անկայունություն են սերմանում։ Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն իրար մոտ տարածությունների վրա»։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: