Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը նշանակվել է պետքարտուղարի խորհրդական: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ ընդունել է նորանշանակ պետքարտուղար Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ:
«Ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները»,- գրել է Բեգլարյանը՝ նշելով, որ ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնի կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը երեկ նշանակվել է Արցախի պետքարտուղարի պաշտոնում:
Ավելի վաղ հոկտեմբերին, Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: