Ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է «բավարարել Արցախի տարածքում բոլոր հայ բնակիչների մարդասիրական կարիքները», այս պահին չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարել է «ՎԻՎԱ. Բժիշկներն ու կամավորները Հայաստանում» բարեգործական հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ հիմնադրամի բժիշկների՝ Արցախ դեղորայք հասցնելու, ծանր հիվանդ հիվանդներին դուրս բերելու և բժիշկներին Արցախի տարածք մուտք գործելու բոլոր փորձերն անհնար են։
«Բժշկական նշանակությամբ ոչ մի տրանսպորտ չի կարողացել միջանցքով անցնել Ստեփանակերտ», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա, վկայակոչելով Արցախի հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մհեր Մուսայելյանին, հայտնել է, որ մի քանի հիվանդների կյանքը վտանգված է և նրանց պետք է շտապ տեղափոխել Երևան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։