Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչով դիմել է արցախցիներին՝ հայտարարելով, որ անթույլատրելի մի շարք դեպքերի մասին տեղեկություններ ունի և թույլ չի տալու, որ դրանք շարունակվեն:
«Արդեն 72 ժամ է՝ գտնվում ենք բլոկադայի մեջ: Արցախում ստեղծված իրավիճակն ինձ հիշեցնում է Սպարտայի իրավիճակը, երբ մարդիկ համախմբված ու միասին էին պայքարում: Մենք մտցրել ենք օրակարգ, որը բոլորին դրել է նույն իրավիճակի մեջ: Մարդկանց մեծամասնությունը դա շատ լավ է ընդունում: Ցավոք, կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ անձնական զանգերով, խնդրանքներով ոչ մի բան չի լուծվելու»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բոլորի նկատմամբ նույն մոտեցումներով են առաջնորդվելու:
Վարդանյանը շեշտել է, որ այս ամենը հաղթահարելու հավատով է լցված, որովհետև այն ուժը, որը տեսնում է, մեծ էներգիա է տալիս:
«Կան դեպքեր, սակայն, որոնք անթույլատրելի են և թույլ չեմ տալու, որ դրանք շարունակվեն: Պատիժ են կրելու բոլոր նրանք, ովքեր, օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձելու են իրենց օգտին ինչ-որ հարցեր լուծել»,- նշել է Վարդանյանը՝ խոսելով առաջացած հումանիտար հարցերի՝ հատկապես վառելիքի խնդրի մասին: Նա հայտարարել է, որ գների բարձրացման դեպքեր են եղել:
Նման բոլոր դեպքերի համար նա արցախցիներին կոչ է արել զանգահարել 119 համարով: Ռուբեն Վարդանյանը նաև կոչ է արել չհավատալ Ադրբեջանի կողմից տարածվող բամբասանքներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։