Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա: Այս մասին կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ-ի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:
«Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:
«Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- ասաց Փաշինյանը:
Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները հետևյալն են՝ հայտարարության առաջին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով:
2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:
Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախատում է նաև Ադրբեջանի կողից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:
Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ:
Ադրբեջանը, Փաշինյանի պնդմամբ, կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձանակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն:
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: «Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»,- ասաց Փաշինյանը։