Այսօր Հայաստանի բուհերի ուսանողներն ակցիա են իրականացրել Երևանում: «Ազատություն Բերձորի միջանցքին» կարգախոսով նրանք քայլերթ են իրականացրել Երևանում՝ կոչ անելով երիտասարդությանը միանալ իրենց շարժմանը: Երիտասարդները հայտարարել են, որ պատրաստվում են նամակ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին:
«Մեր նամակով պահանջել ենք, որ ՄԱԿ-ն իր լիազորությունների շրջանակներում բարձրաձայնի հարցը, լուծում տա: Արցախում ՄԱԿ-ի գրասենյակ բացելու առաջարկ ևս արվել է»,- ասաց ուսանոց Գուրգեն Դանիելյանը՝ հայտնելով, որ ՄԱԿ-ի գրասենյակից ուղևորվելու են ՌԴ դեսպանատուն:
«Եթե մեր հարազատներից մեկը լիներ շրջափակման մեջ, բոլորը մեկ մարդու պես կգային, հիմա ի՞նչն է խնդիրը, որ մեր 12 հազար հայրենակիցները գտնվում են շրջափակման մեջ ու այսպիսի անտարբերություն կա»,- ասաց նա:
ՌԴ դեսպանատան մոտ, նրա խոսքով, պահանջը նույնն է լինելու՝ աջակցել Արցախի ապաշրջափակմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։