Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է հրավիրել. նա հանձնարականներ է տվել: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Բացելով խորհրդակցությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը:
«Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող որևէ հարց լուծելու առավելություն տալ։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:
Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով՝ ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝ օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:
Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը:
Զեկուցվել է նաև, որ Հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:
Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ Արցախի քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման համար շուրջօրյա ռեժիմով գործում է թեժ գիծ՝ Արցախից 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: