Արցախի Հանրապետությունում գործող մի շարք դեղատներ տեսականու հարցում արդեն լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային» հ/ը-ից։
Որոշ դեղեր ընդհանրապես չկան: Փոխարենը վստահեցնում են՝ գներում փոփոխություն չի կատարվել:
«Դեռ կարող ենք մի քանի օր այսպես ձգձենք, հիմնական պակասը երեխաների կերի հարցն է»,-նշում է դեղագետ Սուսաննա Մկրտչյանը։
Նշվում է, որ նաև գնաճ է արձագրվել։ Արցախի տնտեսական մրցակցությունը պաշտպանող պետական հանձնաժողովի կողմից դեղամիջոցների անհիմն բարձր գների վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել մեկ տնտեսվարողի նկատմամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: