Ով-ով, գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով արցախցի եք: Այսօր ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ իր խոսքն ուղղելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Գեղամ Մանուկյանը նման կերպ արտահայտվեց այն բանից հետո, երբ Արմեն Գրիգորյանին հարցրեց՝ ՀՀ-ն մնո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորն ու ստացավ հետևյալ պատասխանը. «Դա ասելով չէ, գործով է ապացուցվել: Անցած տարի մոտ 200 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային հարցեր է լուծում»:
Արձագանքելով՝ Մանուկյանն ասաց. «Ինչ խոսում եք Արցախից, ասում եք՝ փող ենք տալիս: Բայց փողը տալիս եք, որովհետև Արցախն ավերվել է, փողը տալիս եք որպես փրկագին»:
Այսօր Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել էր՝ Ադրբեջանը ճանապարհը փակել է, որ Արցախում էթնիկ զտում իրականացնի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասները՝ տեսանյութում: