Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր հնչեցրած մի շարք հայտարարություններին։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:
Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր:
Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր: Դրանից հետո նրանք սկսել են ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն հարուցելով լուրջ հումանիտար խնդիրներ Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Հուսով ենք՝ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը:
Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ արցախյան իշխանությունները այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում»,-նշվում է Հարությունյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: