Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հիվանդների մոտ ախտորոշվել է «Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում»։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Նախարարությունից հայտնում են, որ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: