Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական գործընթացի կարգ է հրապարակել, որը կգործի վաղվանից՝ հունվարի 16-ից:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։ Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։
Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։
«3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։ Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: