Այսօր ամբողջ Վաշինգտոնում հայտնվել են պաստառներ, որոնք ցույց են տալիս ճշմարտությունը Ադրբեջանի և նրա բռնապետ Իլհամ Ալիևի մասին։ Համապատասխան լուսանկարները հրապարակվել են ANCA-ի ֆեյսբուքյան էջում։
Լուսանկարներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ։ Կազմակերպիչները նմանօրինակ ձևով աշխարհի ուշադրությունն են հրավիրում Արցախի վրա՝ կոչ անելով բացել ճանապարհը և 120․000 բնակչությանը դուրս բերել բլոկադայից։
«Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին», «Վերջ հայերի ցեղասպանությանը», «Բռնապետը շրջափակել է տեղի քրիստոնյա հայերին Արցախում»՝ գրված են պաստառների վրա, որոնք փակցվել են Վաշինգտոնի փողոցների տարբեր անկյուններում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: