Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը մանրամասնում է, որ հիվանդների մոտ ախտորոշվել է «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո»։
Բացի այդ, Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: