ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արցախում մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել ամերիկահայերին, ովքեր փետրվարի 2-ին Վաշինգտոնում Կոնգրեսի մոտ բողոքի ցույց են անցկացրել։
«ԱՄՆ Կոնգրեսում հավաքված ցուցարարները դեմ են արտահայտվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը։ Ես հպարտությամբ աջակցում եմ նրանց՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,- գրել է Փալոնը։
Փետրվարի 2-ին Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ցանկացած օգնություն այս պետությանը, ինչպես նաև շտապ մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել հանրապետության էթնիկ զտումները կանխելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: