Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում, առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը գրում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է, բայց Արցախի Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները և կոնսենսուսը: Ըստ թերթի՝ Արցախում դեմ են ավելորդ առճակատմանը:
«Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը եւ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է եւ դժվար իրականանալի այս պահին։
Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը»,-գրում է թերթը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Արցախի Ազգային ժողովի քննարկմանը, սակայն դեռ չի հրապարակվել ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: