Ադրբեջանական կողմն ապրիլի 28-ից՝ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շտաբից մանրամասնում են, որ Ադրբեջանի ուժային մարմիններն արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին:
«Քիչ առաջ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են ՀՀ Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով»,- ասված է հայտարարությունում:
Փաստորեն, ըստ տեղեկատվական շտաբի, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
«Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանն օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը»,- ասված է հայտարարությունում:
Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: