Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այս օրերին քննարկում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները: Այնուհետև ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել»,- գրում է թերթը։
Օրաթերթը նշում է՝ 44-օրյա պատերազմից 3 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից: Հիմա իշխանական հանձնաժողովի նախագահը պլանավորում է՝ ինչ անել առաջիկայում:
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
Հունիսի 20-ին և 27-ին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էր ներկայացել Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։