Իր անձնական որոշմամբ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի, հայտնել է ԱԺ պաշտոնական էջը:
«Քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»,- հայտնել է նա՝ հավելելով, որ մինչև վերջին շունչը ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
ԱԺ նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի վաղը՝ հուլիսի 29-ին: Նա չի պարզաբանել իր հրաժարականի պատճառները:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ նոր նախագահին ԱԺ-ն կընտրի ամենաուշը երեքշաբթի օրը արտահերթ նստաշրջանի ժամանակ: