Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրապետության հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտին «դրդում են» ընդունելու Ադրբեջանի պայմաններն ու պահանջները։
Հարությունյանն ընդգծել է, որ հարկադրանքի տակ երկխոսություն չի լինում։
«Կարծես թե լուռ համաձայնություն կա՝ մեզ մեն մենակ թողնելու Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ Ստեփանակերտի վրա ճնշումների փուլը վաղուց անցել է, և իրավիճակը Արցախում ցեղասպանության եզրին է։
«Դա չի կարելի անվանել երկխոսություն, մեզ ուղղակի դրդում են ընդունելու Ադրբեջանի պայմաններն ու պահանջները։ Սա մեզ համար միանշանակ անընդունելի է, քանի որ յուրաքանչյուր երկխոսություն, հանդիպում պետք է լինի հավասարության, արժանապատվության և իրավունքի շրջանակներում։ Այս երեք սկզբունքները խախտվել են, ուստի ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն»,- ընդգծել է նախագահը։
Նախագահի խոսքով, Արցախը շարունակելու է իր պայքարը, շարունակելու է պնդել, որ միջազգային հանրությունը հարգի իր իրավունքները։ Նա նշել է, որ առաջիկա օրերին հստակ առաջարկներով ու պահանջներով կդիմի միջազգային հանրությանը։ «Երբ դրդում են երկխոսության Ադրբեջանի հետ, ապա պետք է ստեղծեն պայմանները, որից հետո պահանջեն և կոչ նեն մեզ հանդիպել», – ասել է նա։
Հարությունյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Արևմուտքը փորձել է Ստեփանակերտի և Բաքվի միջև հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ «Միացյալ Նահանգները և Եվրոպան համատեղ ջանքեր են գործադրել երրորդ երկրում հանդիպում կազմակերպելու համար։ Իհարկե, մեր կողմից դրական արձագանք եղավ, հատկապես, որ այս հանդիպումը մոտ էր միջազգային ձևաչափին։ Չեմ ուզում ասել, որ սա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստություն էր, բայց ինչ-որ չափով կարելի էր ընդունել։ Բայց Ադրբեջանը այս ձևաչափից էլ հրաժարվեց։ Մենք տեսանք հանդիպման նախաձեռնողների հետաքրքրությունը, սակայն Ադրբեջանի մերժումից հետո հարցը մնաց օդում կախված»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե հիմնական միջնորդներն ինչ առաջարկներ են անում կողմերին, Հարությունյանն ասել է, որ առաջին փուլում կողմերին ոչ թե առաջարկներ են անում, այլ փորձում են հաստատել այս երկխոսությունը։ Հստակ օրակարգ չի քննարկվել, ընդգծել է նա։
Մեկնաբանելով Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումների Բաքվի առաջարկը՝ Հարությունյանն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամը Ադրբեջանի քաղաքականության հետևանքն է։ Նա նշել է, որ Ստեփանակերտին ուղղված ցանկացած առաջարկ պետք է հարգի արցախյան կողմի արժանապատվությունը և համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ «Եվ ամենակարևորը, ցանկացած կենսական առաջարկի կամ որոշման համար մենք պետք է ունենանք ընդհանուր կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունը»,- ասել է նա։
Խոսելով ավելի վաղ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպումների մասին՝ Հարությունյանը նշել է, որ այս երկխոսության շրջանակներում հարգվել է Արցախի արժանապատվությունը և «որոշ չափով հասկացել են, որ մենք իրավունքներ ունենք»։ Նա նաև ընդգծել է, որ այս հանդիպումները վերաբերել են միայն սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներին։ «Երկխոսություն եղավ, արդյունքներ եղան, բայց դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխեց իր պահվածքը և հարգանքի մթնոլորտում երկխոսությունն ու խոսակցությունները փոխարինեց ճնշումներով»,- նշել է նախագահը։
Հարությունյանը խոսել է նաև Արցախում ցեղասպանության վտանգի մասին իր նամակների պատասխանների մասին՝ ուղղված միջազգային հիմնական խաղացողներին։ «Արձագանքներ եղել են, կան և կլինեն, բայց արդյունք չկա»,- ասել է նախագահը։