Բաքվի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը մոտ ապագայում Ադրբեջանում «կկանգնի պատասխանատվության», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի զինդատախազության ղեկավար Էմիլ Թաղիևին։
Նա հավելել է, որ «Հարուցված քրեական գործով (Ադրբեջանում՝ Վագիֆ Խաչատրյանի դեմ) հետախուզական աշխատանքները շարունակվում են»։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը։