Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Նա հայտարարել է, որ ավարտվել է Արցախի հարցում դիվանագիտության համար հատկացված ժամանակը։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցավում և դատապարտում ենք [Արցախի շրջափակումը-խմբ.], բայց դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պաշտպանում ենք ազգերի ինքնիշխանությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մակրոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ բարդ է, և ինքը չի կարող այժմ շոշափել այս խնդրի ամենասուր անկյունները։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան խստորեն դատապարտել է 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սկսած պատերազմը և կազմակերպել մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին։
«Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն համաձայնագիր, որը կհաստատի կայուն խաղաղություն և կպաշտպանի ժողովուրդներին ու մշակույթներին։ Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա նաև մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունը, թե «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»։ Մակրոնը մանրամասնել է, որ ձեռնպահ կմնա «ցեղասպանություն» եզրույթի հապճեպ օգտագործումից։
«Մենք գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով։ Ֆրանսիայի դերն է ճնշում գործադրել՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սննդամթերքի և դեղորայքի՝ Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքն ապահովելուն։ Բացի դրանից, այսօր վտանգի տակ են հենց Հայաստանի սահմանները»,- եզրափակել է Մակրոնը։
«Le Figaro»-ի ֆրանսիական հեղինակավոր հրատարակության փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը օգոստոսի 24-ին հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ ներկայացնել Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Արցախի 120 հազար բնակիչներին օգնելու համար: Նա նաև տեղեկացրել էր, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկեն մարդասիրական ավտոշարասյուն։